Armenian      
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` «Օրենք») 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում`

1) միջակետը փոխարինել վերջակետով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով.»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Այն համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, որտեղ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փաստացի աշխատում է վեց ամսից ավելի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, նշանակվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված` համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

02.04.2020
Երեւան
ՀՕ-169-Ն