Armenian      
Էներգետիկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.04.2020
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը ներկայացնում է նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդող հինգ օրվա դրությամբ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Լիցենզավորված անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնելը

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխման պետական գրանցումից հետո` 14 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել հանձնաժողովին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձի կողմից նույն մասով սահմանված կարգով հանձնաժողովին տեղեկատվություն (այդ թվում` քաղվածք) չտրամադրելն առաջացնում է նախազգուշացում:

3. Հանձնաժողովի կողմից, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լիցենզավորված անձի նկատմամբ նախազգուշացման կիրառման վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում` քաղվածքը) հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ տեղեկատվություն ներկայացնելը, բայց ոչ ավելի, քան լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 20 օրով, որի ընթացքում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացած անձինք պարտավոր են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը ներկայացնել հանձնաժողով սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի նկատմամբ կիրառվում է պատասխանատվություն` սույն օրենքի 28.1-ին հոդվածին համապատասխան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2020
Երեւան
ՀՕ-233-Ն