Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 338.3-րդ հոդվածով.

«Հոդված 338.3. Ուսումնասիրության ընթացքում կեղծ հայտարարագիր ներկայացնելը

1.«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության մասին ծանուցված անձի կողմից իրավասու մարմին ներկայացված հայտարարագրում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 342.2-րդ հոդվածով.

«Հոդված 342.2. Ուսումնասիրության տվյալները հրապարակելը

1.«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության հիմքերի վերաբերյալ տվյալները եւ դրա ընթացքի ու արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.05.2020
Երեւան
ՀՕ-249-Ն