ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներման մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ներման խնդրագիրը չի քննարկվում եւ վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե նա ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու` օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացվելու դեպքում նախարարությունը մինչեւ անձնական գործը Վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան Վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ:
Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար:».
3) 3-րդ մասը «ներման միջնորդությունները (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը (առկայության դեպքում)» բառերով.
4) 4-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «ոչ ուշ, քան 10-օրյա» բառերով.
5) 5-րդ մասից հանել «կամ ներման շնորհումը մերժելու» բառերը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման եւ փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի` օրենքով սահմանված մասի կեսը:».
2) 3-րդ մասի «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը եւ դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարություն:
Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարությունը, հրամանագիրը եւ քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված` դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը եւ համանման այլ հանգամանքներ:
Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «տեղեկացնում են» բառերից հետո լրացնել «նախարարությանը, Վարչապետի եւ» բառերով, իսկ նույն մասի «կայացրած» բառից հետո հանել «` հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եւ դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
20.05.2020
Երեւան
ՀՕ-266-Ն