Armenian      
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2020

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը «սպառողների» բառից հետո լրացնել «եւ հաճախորդների» բառերով, իսկ «ավելացումը» բառից հետո` «, ֆինանսական ոլորտում սպառողների եւ հաճախորդների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են սույն օրենքով նախատեսված կազմակերպությունները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Կազմակերպություն`  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների լիցենզիա եւ վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների), ինչպես նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո).».

2) 5-րդ կետի`

ա. առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաճախորդ` ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում` ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ:»,

բ. երկրորդ նախադասությունը «տուժողի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ  վնասների հատուցման եւ (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա)» բառերով.

3) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) իրավասու դատարան`

ա. հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան,

բ. հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի` օտարերկրյա իրավաբանական անձի`

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում` մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված Կազմակերպությունների:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի իմաստով հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաեւ այն դեպքում, երբ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է Գրասենյակը:  Կազմակերպությանը Գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը «անունը» բառից հետո լրացնել «(անվանումը)» բառով,

բ. 2-րդ կետը «բնակության» բառից հետո լրացնել «(գտնվելու վայրի)» բառերով,

գ. 4-րդ կետի «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` հայտարարություն հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու եւ Գրասենյակին տրված համաձայնություն իր` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք իր` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ.»,

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.»,

զ. 10-րդ կետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի» բառերով.

2) 2-րդ մասի «լիազորագրի պատճենը» բառերը փոխարինել «լիազորագիրը, ինչպես նաեւ հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը» բառերով.
 
3) 3-րդ մասը «գույքային պահանջի» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «վարույթում» բառից հետո լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից» բառերով.

2) 9-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ կետերով.

«10) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ.

11) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել եւս 14 աշխատանքային օրով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին եւ ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն:

Հարկային մարմինը Գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):»:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) կողմերը հաշտվել են` կնքվել է հաշտության համաձայնագիր, կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին.».

2) 5-րդ կետը «մահացել է» բառերից հետո լրացնել «կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` լուծարվել է» բառերով.

3) 6-րդ կետը «լուծարվել է» բառերից հետո լրացնել «կամ լիցենցիայի գործողությունը դադարեցվել է» բառերով:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին եւ ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին` համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:».

2) 4-րդ մասի`

ա. առաջին  պարբերության «առաքելու» բառը փոխարինել «ծանուցելու» բառով,

բ. երկրորդ պարբերության  «Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո»  բառերը փոխարինել «Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո» բառերով:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1. Հաճախորդի եւ Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ

1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին, իսկ այդպիսի նշում չլինելու դեպքում` հաղորդակցումը տեղի է ունենում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` Խորհրդի սահմանած կարգով:

2. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակը սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդին ներկայացնելու ձեւն է, որը կարող է լինել էլեկտրոնային, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ` այլ  միջոցով:

Հաճախորդի` Ֆինանսական համակարգի հաշտարարի  հետ հաղորդակցման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Ֆինանսական համակարգի հաշտարարի հաղորդակցումը Կազմակերպությունների հետ իրականացվում է էլեկտրոնային կամ այլ եղանակով` Խորհրդի սահմանած կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «լրացուցիչ» բառից հետո լրացնել «մասնակցության» բառով:

Հոդված 13. Օրենքի ամբողջ տեքստում «պարտադիր վճար» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մասնակցության վճար» բառերով, իսկ «վճար» բառը համապատասխան հոլովաձեւերով` «մասնակցության վճար» բառերով, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետի:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայներով» բառից հետո լրացնել «` գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, եւ ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ

4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Ֆինանսական համակարգի հաշտարարին նշանակում է Խորհուրդը` սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով, Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` 15 օրվա ընթացքում:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, սոցիալական ապահովության ծախսերը եւ դրանց հատկացման կարգը, Գրասենյակի կառավարչի տեղակալի հաստիքը, որին նշանակված անձը չի կարող իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն» բառերով:

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Խորհրդի ձեւավորումը

1. Խորհուրդը կազմված է յոթ անդամից:

2. Խորհրդի անդամներին նշանակում է`

1) մեկին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) մեկին` Կենտրոնական բանկի խորհուրդը.

3) մեկին` բանկերի միությունը (միությունները), մեկին` վարկային կազմակերպությունների միությունը (միությունները), մեկին` ապահովագրական ընկերությունների միությունը (միությունները), մեկին` մյուս Կազմակերպությունների միությունները.

4) մեկին` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները:

3. Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:

4. Խորհրդի նոր անդամը պետք է նշանակվի Խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ` սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության միություն(ներ)ը եւ (կամ) սպառողների իրավունքների պաշտպանության միությունները չեն նշանակում Խորհրդի` իրենց անդամին, ապա նրան նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը` մեկ ամսվա ընթացքում:

6. Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն Կազմակերպությունների միությունները եւ սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն հինգ տարի:

Կազմակերպությունների միությունների եւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրա լիազորությունների ժամկետի ավարտը» բառերով:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ

2-րդ մասով.

«2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Խորհրդի անդամը նշանակվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով` նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո` 15 օրվա ընթացքում:»:

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Կազմակերպությունների» բառից հետո լրացնել «տեսակների» բառով:

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 2-րդ կետը «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերով,

բ.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին  կետով.

«2.1. Կենտրոնական դեպոզիտարիա` 140 000 դրամ.»,

գ. 4-րդ կետի «բրոքերներ» բառը փոխարինել «բրոկերներ (բացառությամբ այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին)» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, Կազմակերպության լիցենզիան մինչեւ ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը դադարեցվելու դեպքում Կազմակերպությունը չի վճարում այդ եռամսյակի համար վճարման ենթակա մասնակցության վճարները:  Ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ից հետո Կազմակերպության լիցենզիան դադարեցվելու դեպքում այդ եռամսյակի համար մասնակցության վճարների վճարման պարտավորությունը չի դադարում, իսկ այդ եռամսյակի համար արդեն իսկ վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը եւ Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ սահմանում են սույն հոդվածով սահմանված մասնակցության վճարների եւ սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների մասով ժամկետանց պարտավորությունների հավաքման, հաշվառման եւ դուրսգրման կարգը:»:

Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների հաշվարկը դադարում է Կազմակերպության լիցենզիայի դադարման օրվանից:»:

Հոդված 23.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված Խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Խորհրդի` առաջին անգամ նշանակված անդամներն Oրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակվում են հետեւյալ ժամկետներով.

1) Կառավարության եւ Կենտրոնական բանկի, սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից` երեք տարի ժամկետով.

2) բանկերի եւ ապահովագրական ընկերությունների միությունների կողմից` երկու տարի ժամկետով.

3) վարկային կազմակերպությունների եւ այլ Կազմակերպությունների միությունների կողմից` մեկ տարի ժամկետով:

4. Խորհրդի` հետագայում ընտրվող բոլոր անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է Կազմակերպությունների միությունների եւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:

6. Գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 14.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված կարգը (կարգերը) ընդունում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ներառող ընթացիկ եռամսյակի համար մասնակցության վճարի չափաբաժնի ամբողջ գումարը վճարում է մինչեւ հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը` տվյալ եռամսյակի չափաբաժնի հետ: Հետագայում Կենտրոնական դեպոզիտարիան մասնակցության վճարները կատարում է օրենքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.06.2020
Երեւան
ՀՕ-292-Ն