Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը  (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 93.1-ին հոդվածով.

«Հոդված 93.1. Օրինական ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

1. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի խնամակալը կամ հոգաբարձուն չի կարող մասնակցել վարույթին, եթե`
 
1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.
 
2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.
 
3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.
 
4) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.
 
5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

2. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի ծնողը, որդեգրողը չեն կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի վերնագիրը «փորձագետի» բառից հետո լրացնել «, հոգեբանի» բառով:

1) 1-ին մասը «փորձագետը» բառից հետո լրացնել «, հոգեբանը» բառով.

2) 2-րդ մասը «փորձագետի» բառից հետո լրացնել «, հոգեբանի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «մասնագետի,» բառից հետո լրացնել «հոգեբանի,» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 205.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «երկու» բառը փոխարինել «մեկուկես» բառով.

2) 2-րդ մասի «վեց» բառը փոխարինել «չորս» բառով.

Հոդված 5. Օրենսգրքի 207-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «մանկավարժի» բառից հետո լրացնել «կամ որակավորված հոգեբանի» բառերով.

2) 3-րդ մասը «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «եւ մանկավարժին կամ որակավորված հոգեբանին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«5. Ելնելով երեխայի լավագույն շահերից` անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին կարող է հարցեր տալ հոգեբանը:

6. Անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը հոգեբանի կողմից, որպես կանոն, տրվում են հետեւյալ դեպքերում.

1) սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

2) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով.

3) երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով.

4) անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խնդիր ունենալու դեպքում.

5) մինչեւ 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:

7. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրառվել: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը պարտադիր է:

8. Հարցաքննության տեսաձայնագրառման վերաբերյալ  քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները`  հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը:

Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննության մասնակիցների կարծիքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Մասնակիցները   հարցաքննության    տեսաձայնագրառման   վերաբերյալ կարծիք չեն հայտնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

9. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է` ելնելով երեխայի լավագույն շահերից:»:

Հոդված 6. Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8-րդ մասով.

«8. Սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում հարցաքննության արձանագրությունում պարտադիր արտացոլվում է, որ հարցերը տվել է հոգեբանը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Անչափահաս տուժողի կամ վկայի մասնակցությամբ առերեսումները` սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով  նախատեսված  դեպքերում, ինչպես  նաեւ, եթե դա է պահանջում  երեխայի լավագույն շահը, իրականացվում են միջնորդավորված` տեսաձայնագրառման եւ տեխնիկական այլ միջոցների  օգնությամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 341-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 341. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը դատարանում կարող է հարցաքննվել, եթե նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրառվել նախնական քննության ընթացքում: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրառումը վերարտադրվում է դատական նիստերի դահլիճում: Եթե տեսաձայնագրառման վերարտադրումից հետո առաջանում է անչափահասին  հարցեր տալու անհրաժեշտություն, ապա անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով հրավիրվում է դատարան:

2. Անչափահաս  վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման  համար, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի ցուցմունքները, եւ նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային կամ տուժողին տալ հարցեր կամ տվյալ վկայի կամ տուժողի հաղորդած տվյալների վերաբերյալ տալ ցուցմունք:

3. Դատարանում մինչեւ 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է որակավորված  հոգեբանի, իսկ նրա ներգրավման անհնարինության դեպքում` մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա լինելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

4. Տասնվեց տարին չլրացած վկան կամ տուժողը հեռացվում է դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ անհրաժեշտ է համարում այդ վկայի կամ տուժողի հետագա ներկայությունը:

5. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի անչափահաս տուժողին թույլ տալու ժամանակավորապես դուրս գալ դատական նիստերի դահլիճից, եթե ապացույցների հետազոտմանը ներկա լինելը նրա վրա կունենա բացասական ազդեցություն: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո անչափահաս տուժողի համար հակիրճ հրապարակվում են ապացույցների հետազոտման արդյունքները:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

12.06.2020
Երեւան
ՀՕ-300-Ն