Armenian      
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Գյումրի եւ Վանաձոր համայնքներում» բառերը, իսկ նույն մասը «տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ԱՎԱԳԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 53-րդ, 73-րդ եւ 76-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «Գյումրու (Վանաձորի)» բառերը փոխարինել «(նշվում է համապատասխան համայնքի անվանումը)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 68-րդ եւ 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձեւավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով եւ շարունակում է պաշտոնավարել:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.06.2020
Երեւան
ՀՕ-335-Ն