Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 270-րդ հոդվածի 2-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «` առավելագույնը վեց ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 270.1-ին եւ 270.2-րդ հոդվածներով.

«Հոդված 270.1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

1. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում այն բժշկական կազմակերպության դիմումով, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից  մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:

Հոդված 270.2. Իրազեկված համաձայնություն տալու հնարավորության բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ հոգեբուժական միջամտություն իրականացնելու վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի դիմումների քննության կարգը

1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում է նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.07.2020
Երեւան
ՀՕ-349-Ն