Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.09.2020

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42.1-ին հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «ստուգումների» բառից հետո լրացնել «, ստուգայցերի» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.4-րդ հոդվածով.

«Հոդված 182.4. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները եւ արգելքները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «182.3» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի եւ սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) եւ 10-րդ մասերով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «173.3-րդ» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 1-ին մասը «182.2» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) եւ 4-րդ մասերով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.09.2020
Երեւան
ՀՕ-405-Ն