Armenian      
Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.09.2020

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում է նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.09.2020
Երեւան
ՀՕ-422-Ն