Armenian      
Աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.10.2020
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերի դրույթները չեն տարածվում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպություններում ու հիմնարկներում (անկախ սեփականության ձեւից) ռազմական դրությամբ պայմանավորված աշխատողների աշխատանքի վայրի փոփոխման դեպքերի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետի «զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու եւ ժամկետային» բառերը փոխարինել «վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաեւ զորահավաքային» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.»:

Հոդված 4. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.»:

Հոդված 5. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:»:

Հոդված 6. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին եւ 2-րդ մասերի» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի,» բառերը.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենսգրքի 184-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը համարակալել «1.» թվագրությամբ եւ «տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը հավելում վճարելու պարտավորության մասով չի տարածվում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքում ներգրավելու դեպքերի վրա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 185-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «արձակուրդին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը չի տարածվում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքում ներգրավելու դեպքերի վրա:»:

Հոդված 10. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պարապուրդում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները» բառերով:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերից (անհատական իրավական ակտերից) ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ եւ 10-րդ հոդվածների գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

10.10.2020
Երեւան
ՀՕ-460-Ն