Armenian      
Սպառողական կրեդիտավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2020
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասում «Կրեդիտավորման պայմանագիրը առնվազն ներառում է՝» բառերը փոխարինել «Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, սպառողն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ: Սպառողն իրավունք ունի նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով եւ առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որեւէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առեւտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ՝

1) կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները եւ

2) փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, եւ

3) սպառողի իրավունքի խախտման հետեւանքով սպառողը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված՝ սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն սպառողի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-471-Ն