Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.12.2020

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի (տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի եւ օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի)  տարբերության չափով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2020
Երեւան
ՀՕ-506-Ն