Armenian      
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.12.2020

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի  ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատությունների, պետական այլ  կազմակերպությունների տեղակայումը կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերում եւ շինություններում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության  «ծառայողական (պաշտոնեական) դիրքն» բառերը փոխարինել «ծառայողական (պաշտոնեական) դիրքը, ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական եւ մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն 100 հիմնադիր» բառերը փոխարինել «առնվազն 300 հիմնադիր» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության հիմնադրման, կուսակցության ծրագրի ընդունման եւ կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին, իր կազմից ընտրում է ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների  մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.».

3) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաեւ կուսակցության հիմնադրման, մշտապես գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին որոշումները.».

4) 4-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

 5) 4-րդ մասի 6-րդ կետի «հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների» բառերը փոխարինել «հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների» բառերով.

6) 4-րդ մասի 10-րդ կետը «տեղեկատվություն» բառից առաջ լրացնել «առկայության դեպքում՝» բառերով.

7) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով պետական լիազոր մարմնի կողմից հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «սույն» բառը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության հիմնադրման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման մասին, կամ չեն ընտրվել կուսակցության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինները, կամ»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցության հիմնադիրներ եւ անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կառուցվածքը, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ կազմալուծման կարգը, իրավունքները եւ պարտականությունները, գործունեության ժամկետները եւ որոշումներ ընդունելու կարգը.».

2) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը.».

3) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի 8-րդ կետը «կանոնադրությունում» բառից հետո լրացնել «եւ ծրագրում» բառերով.

5) 3-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտրական ցուցակների ձեւավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները:».

6) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարածքային ստորաբաժանումների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է սահմանի նաեւ դրանց ստեղծման եւ գործունեության դադարեցման կարգը, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ կազմալուծման կարգը, իրավունքներն ու պարտականությունները  եւ դրանց գործունեության ժամկետները:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ոչ ուշ, քան չորս տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ» բառերով, իսկ նույն մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կուսակցության անդամների նախաձեռնությամբ, որոնց նվազագույն թիվը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաեւ կանոնադրությամբ սահմանված այլ դեպքերում եւ կարգով կարող է հրավիրվել նաեւ արտահերթ համագումար:».

2) 3-րդ մասի 1-ին կետից  հանել «բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների եւ լրացումների» բառերը, իսկ 2-րդ կետի «կազմավորումը» բառը փոխարինել «ընտրությունը»  բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«4. Կուսակցության անունից այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը՝ առանց լիազորագրի, եթե կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն, ինչպես նաեւ մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին մասով.

«4.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը ձեւավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամները կուսակցության կազմից ընտրվում են համագումարում՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով:».

6) 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) փոփոխություններ է կատարում համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե համագումարի կողմից հաստատվելուց հետո ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով.».

7) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաեւ հերթական եւ արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը.».

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ կուսակցության այլ մարմիններ:».

9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը

1. Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցության, ներառյալ՝ պատվիրակների մասնակցության կարգը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ:

 2. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:

3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ:

4. Կուսակցության  կանոնադրությունում եւ ծրագրում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցությունները կարող են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով ունենալ տարածքային ստորաբաժանումներ: Կուսակցության տարածքային ստորաբաժանումները ենթակա են պետական հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով: Տարածքային ստորաբաժանումների պետական հաշվառման համար պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաեւ ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում.».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը: Կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառվելու կամ վարձակալության հանձնվելու դեպքում վաճառքի գնի կամ վարձակալության վճարի՝ շուկայական գինը գերազանցող մասը դիտվում է որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն, եւ դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառելի են սույն օրենքի 24-րդ հոդվածի 1.2-րդ, 8.1-ին եւ 9-րդ մասերով սահմանված դրույթները: Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն բարձր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կուսակցությունն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ լինելու առեւտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

5) 4-րդ մասը «Ազգային ժողովի ընտրություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններում» բառերով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցության կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների գործունեության արդյունքում ստացված եւ կուսակցությանը փոխանցված եկամուտը կարող է օգտագործվել միայն կուսակցության կանոնադրությամբ եւ ծրագրով սահմանված նպատակների համար:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի վերաբերյալ հաշվետվությունը: Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային տեղեկատվություն:»:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած բանկերում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Կուսակցությունը  բոլոր դրամական վճարումները կատարում է անկանխիկ հաշվարկներով:»:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքը մարելու, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու,  ինչպես նաեւ կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Նվիրատվություն են համարվում նաեւ կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնումը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու հետեւանքով կուսակցության մոտ ձեւավորված խնայողությունը (բնեղենով նվիրատվությունը): Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված բնեղենով նվիրատվությունները ենթակա են հաշվարկման իրենց շուկայական արժեքով եւ պետք է արտացոլվեն կուսակցության տարեկան հաշվետվության մեջ, իսկ դրանց արժեքը (գումարը՝ դրամական արտահայտությամբ՝ պայմանագրով նախատեսված արժեքի եւ շուկայական արժեքի տարբերության մասով) ներառվում է նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում:».

4) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ անդամավճարի եւ մուտքի վճարի ընդհանուր չափը՝ դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը:

Սույն հոդվածով սահմանված՝ նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը չի ներառում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամներին կատարված նվիրատվությունները:

Ֆիզիկական անձը կարող է սույն մասի առաջին պարբերությունում նշված նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ եւ ավելի կուսակցության:».

5) 3-րդ մասի առաջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

6) 4-8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նվիրատվություններ չեն թույլատրվում՝

1) օտարերկրյա պետություններից.

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից.

3) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.

4) պետական եւ համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից.

5) անանուն անձանցից:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, կուսակցության համար սահմանված նվիրատվության, անդամավճարի կամ մուտքի վճարի սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:

7. Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի համարը:

8. Կուսակցությանն օրենքով սահմանված դրամական հատկացումները կատարվում են միայն անկանխիկ:».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1.-ին մասով.

«8.1. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված նվիրատվությունների դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելիս կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը, նվիրատվությանը համարժեք դրամական գումարը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող դրամական գումարը վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե: Եթե նվիրատվությունն ստացվել է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չթույլատրված աղբյուրներից, ապա կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը, նվիրատվությանը համարժեք դրամական գումարը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող դրամական գումարը փոխանցել պետական բյուջե:».

8) 9-րդ մասի «հոդվածի 4-րդ եւ 5-րդ» բառերը փոխարինել «հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8.1-ին» բառերով.

9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն օրենքի իմաստով՝ նվիրատվություն չեն համարվում կամավորների կողմից անձնական գույքի օգտագործմամբ (բացառությամբ տրանսպորտային միջոցների եւ անշարժ գույքի) կատարված աշխատանքը կամ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին եւ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան ողջամիտ ծախսերը:

Սույն հոդվածի իմաստով՝ աշխատանքների կատարումը կամ  ծառայությունների մատուցումը չի համարվում կամավոր աշխատանք, եթե դրանց կատարման համար պահանջվում է որոշակի մասնագիտական որակավորում,  դրանց դիմաց աշխատանք կատարողը կամ ծառայություններ մատուցողը այլ դեպքերում սովորաբար ստանում է հատուցում, եւ աշխատանքի կամ ծառայության մատուցման տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը: Այդ ծառայությունները համարվում են բնեղենով նվիրատվություն եւ ներառվում են նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում:».

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Կուսակցության հետ վարկային պայմանագիր  կնքելու դեպքում այդ պայմանագրի պայմանները, ներառյալ՝ վարկի տոկոսադրույքը, պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին եւ չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից:».

11) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Վարկային պայմանագրի դեպքում արգելվում են վարկը կամ դրանց տոկոսներն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո տոկոսադրույքը վերանայելը, որի արդյունքում տոկոսադրույքը  շուկայականից էականորեն կնվազի, կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն: Սույն դրույթների խախտումը կարող է դիտվել որպես իրավաբանական անձի կողմից նվիրատվություն  եւ առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:».

12) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի դրույթների խախտման հետեւանքով կուսակցության ձեռք բերած եկամուտը (խնայողությունը) համարվում է օրենքով արգելված նվիրատվություն եւ ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:».

13) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Կուսակցության հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները, ներառյալ՝ բանկային ավանդի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին եւ չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից: Եթե բանկային ավանդի տոկոսադրույքը էականորեն գերազանցում է համանման պայմանագրերի դեպքում առաջարկվող տոկոսադրույքը, ապա ավանդի տոկոսների՝ համանման պայմանագրերի համեմատ էականորեն գերազանցող մասը դիտվում է որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն եւ ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Սույն մասի դրույթների խախտումը կարող է դիտվել որպես իրավաբանական անձի կողմից նվիրատվություն  եւ առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կուսակցությունների՝ օրենքով սահմանված դեպքերում հաշվետվությունների հրապարակումը, ինչպես նաեւ հայտարարություններն ու ծանուցումներն իրականացվում են անվճար:»:

Հոդված 18. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը

1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը (պետական սուբսիդավորումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նպատակ ունենալով խթանելու որոշակի հանրային աջակցություն ունեցող եւ եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցությունների կենսունակությունն ու ինքնուրույնությունը: Այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:

2. Պետական ֆինանսավորումը կազմված է երկու մասից՝ պետական ընդհանուր ֆինանսավորում եւ պետական նպատակային ֆինանսավորում: Յուրաքանչյուր տարվա համար պետական ընդհանուր ֆինանսավորումը կուսակցություններին տրամադրվում է կիսամյակային սկզբունքով, բայց ոչ շուտ, քան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը: Պետական նպատակային ֆինանսավորումը յուրաքանչյուր տարվա համար տրամադրվում է միանվագ՝ պայմանավորված կուսակցությունների կառուցվածքով եւ գործունեությամբ:

3. Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ յոթ տոկոսը: Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ընտրական արգելապատնեշը:

4. Պետական բյուջեի միջոցները սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են հետեւյալ բանաձեւով.

1) 2-ից մինչեւ 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝  յուրաքանչյուր ձայնի դիմաց.

2) 5-ից մինչեւ 20 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝  մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ  5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով.

3) 20 եւ ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20 տոկոսը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մեկ քառորդի չափով:

5. Յուրաքանչյուր կուսակցության համար պետական ընդհանուր ֆինանսավորման ծավալը հավասար է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանաձեւի հաշվարկով ստացված գումարի 60 տոկոսին:

6. Յուրաքանչյուր կուսակցության համար պետական նպատակային ֆինանսավորման ծավալը հավասար է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանաձեւի հաշվարկով ստացված գումարի 40 տոկոսին:

7. Եթե հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված  սեռի  ներկայացուցիչների թիվը գերազանցում է 40 տոկոսը, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման կեսը: Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում  է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մեկ քառորդ մասը: Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը պակաս է 20 տոկոսից, ապա կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում: Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

8. Եթե կուսակցությունը հաշվետու տարում ունեցել է տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն կեսում, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մեկ քառորդ մասը: Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում կուսակցության տարածքային ներկայացվածության եւ տարածքային ստորաբաժանումների գործունեության ապահովման նպատակով:

9. Կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մյուս քառորդ մասը, եթե կուսակցությունը հաշվետու տարում իրականացրել եւ հրապարակել է կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների եւ հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտություններ: Սույն մասով նախատեսված նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների եւ հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտությունների անցկացման, հրապարակման ու տարածման նպատակով: Պետական նպատակային ֆինանսավորման միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքները ենթակա են հրապարակման:

10. Հաշվետու տարում սույն հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված՝ նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

11. Սույն հոդվածի 7-9-րդ մասերով նախատեսված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումը պետք է արտացոլվի կուսակցության տարեկան հաշվետվության մեջ՝ այն ներկայացնելով հաշվետվությանը կից հավելվածով: Եթե հաշվետվության ստուգումից հետո պարզվում է, որ կուսակցությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է  կատարել հաշվետու տարում սույն հոդվածի 7-9-րդ մասերով նախատեսված պահանջները կամ կատարել է նշված պահանջներից միայն մեկը կամ մի քանիսը, ապա հաշվետու տարվան հաջորդող տարվա համար նպատակային ֆինանսավորումը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ (չկատարված պահանջների մասով) չի տրամադրվում: Պետական նպատակային ֆինանսավորումը տրամադրելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունում է որոշում, որի մասին ընդունման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

12. Եթե կուսակցությունն իր գույքը հանձնում է վարձակալության կամ բանկային ավանդից ստանում է տոկոսներ կամ եկամուտներ է ստանում իր  հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ, ապա հաջորդ տարում կուսակցությանը տրվող պետական ֆինանսավորումը նվազեցվում է վարձակալության, բանկային ավանդի կամ  իր հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ ստացված եւ կուսակցությանը փոխանցված եկամտի չափով: Եթե տվյալ տարում գույքի վարձակալության, բանկային ավանդի կամ  կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչության գործունեությամբ կուսակցության ստացած եկամուտը գերազանցում է պետական ֆինանսավորումը, ապա հաջորդ տարվա համար կուսակցության պետական ֆինանսավորումը դադարեցվում է:

13. Սույն օրենքով  նախատեսված՝ կուսակցության գույքի վարձակալությունից, բանկային ավանդից կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությամբ ստացված եւ կուսակցությանը փոխանցված եկամտի մասին տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

14. Պետական ֆինանսավորման միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջեւ բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:

15. Սույն հոդվածով նախատեսված՝ կուսակցությունների պետական ֆինանսավորումն իրականացվում է տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամանակահատվածում եւ դադարեցվում Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման ամսվա համար կուսակցության պետական ֆինանսավորման հաշվարկն իրականացվում, եւ ֆինանսավորումը փոխանցվում է ըստ օրերի քանակի՝ մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը:

16. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման պետական գրանցման օրվանից, ինչպես նաեւ կուսակցության գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:»:

Հոդված 19. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:

Հոդված 20. Oրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.   Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն), իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

Հաշվետությունը ներառում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ կուսակցություններին եւ նրանց անդամներին տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում ստացած նյութական եւ ոչ նյութական աջակցության նպատակով հատուցված (ներառյալ՝ դասընթացների, ճանապարհածախսի հատուցում եւ այլն) ծախսերի մասին տեղեկություններ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:».

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը եւ դրա լրացման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կուսակցություններն իրավունք ունեն իրենց հաշվետվությանը կից ներկայացնելու լրացուցիչ բացատրական նյութեր:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության՝

1) մուտքերը՝

ա. մուտքի վճարներ,

բ. անդամավճարներ,

գ. ֆիզիկական անձանց նվիրատվություններ,

դ. օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում,

ե. կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները՝ առանձին նշելով զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված շահույթը,

զ. տեղական եւ միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ,

է. վարկեր եւ փոխառություններ,

ը. բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ,

թ. կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ եւ մատուցված ծառայություններ,

ժ. քաղաքացիաիրավական այլ գործարքներից՝ կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից եւ օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված միջոցներ,

ժա. այլ մուտքեր.

2) ելքերը՝

ա. աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ,

բ. հարկեր, տուրքեր եւ այլ պարտադիր վճարներ,

գ. կոմունալ վճարներ,

դ. գույքի վարձակալության վճարներ,

ե. ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարումներ,

զ. տրանսպորտային ծախսերի գծով ելքեր,

է. գործուղման ծախսերի գծով ելքեր,

 ը. այլ ելքեր.

3) կուսակցության գույքը՝

ա. անշարժ գույք (շենք, շինություն, հողամաս եւ այլն),

բ. տրանսպորտային միջոցներ.

4) կուսակցության պարտավորությունները՝

ա. բանկերի հանդեպ ունեցած պարտավորություններ,

բ. վարկային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններ,

գ. փոխատուի հանդեպ ունեցած պարտավորություններ,

դ. այլ պարտավորություններ:»:

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը

1. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, որոնց՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերը կամ ելքերը հաշվետու տարվա ընթացքում գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկը, ենթակա են պարտադիր աուդիտի:

2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից պետական ֆինանսավորում ստացած կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ հաշվետու տարում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափից:

3. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափը հաշվարկելիս դրանում չի ներառվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի               1-ին կետի ?ե? ենթակետով սահմանված՝ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ընդհանուր շահույթը: Հաշվարկման ենթակա են միայն  կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները:

4. Սույն հոդվածով նախատեսված պարտադիր աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, եւ իրականացնում  է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից:

5. Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարին աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջի հիման վրա հնգօրյա ժամկետում տրամադրում են աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ:»:

Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտականությունը

1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ  այլ ղեկավար մարմինների դեպքում այդ  մարմնի անդամները (այսուհետ նաեւ՝ հայտարարատու պաշտոնատար անձինք) պարտավոր են  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որի  ձեւանմուշը եւ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

2. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրեր:

3. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը ներկայացնելու կարգի նկատմամբ կիրառելի են «Հանրային ծառայության մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների համապատասխան նորմերը, բացառությամբ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականության եւ պատասխանատվության վերաբերյալ դրույթների:

4. Կուսակցությունն իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը:

5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ  այլ ղեկավար մարմինների դեպքում այդ  մարմնի անդամներն  ազատվում են սույն հոդվածով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են հայտարարատու պաշտոնատար անձ:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո շարունակում է պաշտոնավարել որպես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, իսկ  այլ ղեկավար մարմինների դեպքում՝ որպես այդ  մարմնի անդամ, ապա նա կուսակցությունում պաշտոն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Այդ դեպքում անձն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է տարեկան հայտարարագիր:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ազատվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ  այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամի պաշտոնից, ապա պաշտոնը դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում կուսակցության պաշտոնի դադարեցման հայտարարագիր:

8. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձը «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակման դեպքում չի ազատվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից:»:

Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կուսակցության կողմից  օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե կամ նվիրատուին փոխանցելու  կամ կուսակցության տարեկան հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակելու կամ պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ  օրենքով սահմանված՝ տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ».

4) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որեւէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների, ինչպես նաեւ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացնելու եւ կուսակցության՝ որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար:».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Կուսակցության գործունեության կասեցումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, համամասնական ընտրակարգով ընտրված՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու համար:»:

Հոդված 25.  Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու» բառերով:

Հոդված 26.  Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասում «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերով:

Հոդված 27. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերը, 14-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 3-րդ կետը, 18-24-րդ եւ 26-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

3. Կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, իրենց կանոնադրությունները եւ կառուցվածքը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին եւ պետական գրանցման նպատակով կանոնադրության փոփոխությունները ներկայացնել պետական լիազոր մարմին: Սույն հոդվածով նախատեսված պետական գրանցման գործառույթի դիմաց պետական տուրք չի գանձվում: 2022 թվականի հունվարի 1-ից հետո, սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու դեպքում կուսակցությունը չի ազատվում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից: Սույն մասով սահմանված ժամկետում կուսակցության կանոնադրությունը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում կուսակցության կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում սույն օրենքին եւ կուսակցությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքներին:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ ունեցող կուսակցությունները փակում են իրենց բանկային հաշիվները:

5. Կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով:

6. Սույն օրենքի 19-24-րդ եւ 26-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացում 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.01.2021
Երեւան
ՀՕ-1-Ն