ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«49) ծանուցագիր՝ թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 24.1
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 174.1. Ծանուցման եղանակները
1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն:
2. Անձի ծանուցումը կատարվում է՝
1) թղթային ծանուցագրով.
2) էլեկտրոնային ծանուցագրով.
3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով եւ միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով:
Հոդված 174.2. Առանձին կատեգորիայի անձանց ծանուցման առանձնահատկությունները
1. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում՝ դրա վարչակազմի միջոցով:
2. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:
3. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով:
Հոդված 174.3. Ծանուցագրի բովանդակությունը
1. Ծանուցագրում նշվում են՝
1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները.
2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն եւ դատավարական կարգավիճակը.
3) ներկայանալու տեղը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը եւ ժամը).
4) կատարման ենթակա քննչական կամ այլ դատավարական գործողությունը.
5) հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը եւ դրա իրավական գնահատականը.
6) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.
7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետեւանքները.
8) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:
2. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների եւ պարտականությունների ցանկը:
3. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման:
Հոդված 174.4. Ծանուցագիրը հանձնելը
1. Ծանուցագիրը հանձնվում է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե քննչական կամ այլ դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:
2. Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով, կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրն ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:
3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:
4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը եւ ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաեւ ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:
5. Թղթային ծանուցագրի՝ ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմին:
6. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:
7. Էլեկտրոնային ծանուցագիր ուղարկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը քրեական գործին է կցում էլեկտրոնային հաղորդագրությունը, ինչպես նաեւ ստանալու մասին հավաստումը:
8. Էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:
Հոդված 174.5. Թղթային ծանուցագիրն ընդունելու պարտականությունը
1. Ծանուցվողը պարտավոր է ընդունել թղթային ծանուցագիրը:
2. Եթե ծանուցվողը հրաժարվում է ընդունել թղթային ծանուցագիրը, ապա ծանուցագիրը հանձնողն այդ մասին նշում է կատարում ծանուցագրի` ստորագրության համար հատկացված մասում եւ ծանուցագիրը վերադարձնում է վարույթն իրականացնող մարմին:
Հոդված 174.6. Ծանուցման պատշաճությունը
1. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե՝
1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.
5) առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.
6) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.
7) ծանուցվողը քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը:
2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 205-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.02.2021
Երեւան
ՀՕ-19-Ն