Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021


Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 375-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3? Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաեւ այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 377. Երաշխավորի պատասխանատվությունը

1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

2. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, եւ միաժամանակ պայմանագրի կնքման պահին առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը.

1) երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները եւ 18 տարին լրացած նրանց զավակները.

2) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է.

3) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:

4. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար երաշխավորության պայմանագիրը կնքելիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը եւ պարտապանը տալիս են գրավոր հայտարարություն սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար օգտագործելու մասին, եւ կրում են հայտարարության բովանդակության իսկության ռիսկը:

Հետագայում պարտապանի եւ երաշխավորի՝ սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված փոխկապվածության դադարումը կամ փոփոխությունը չի հանգեցնում երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում երաշխավորի պատասխանատվության փոփոխության?

5. Երաշխավորը պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ՝ տոկոսներ վճարելը, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու հետեւանքով առաջացող տույժերը եւ տուգանքները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը եւ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետեւանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ այն դեպքում, երբ երաշխավոր է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, եւ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը ծագում է վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ապա պետք է պահպանվեն նաեւ սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Եթե պարտապանի պարտավորության ծավալը որեւէ հիմքով (այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով) նվազում է կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում է կամ դադարում է աճել:

6. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել ավելի երկար ժամկետով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:

7. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին՝ առնվազն նշելով պարտավորության խախտման ժամկետը եւ առկա պարտավորության չափը: Եթե պարտատերը սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջելու երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետեւանքով առաջացած տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները եւ (կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից մինչեւ երաշխավորին այդ մասին ծանուցելը:

8. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտավորությունն այդ պահանջն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ ներկայացրած պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

9. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում, ինչպես նաեւ առանց երաշխավորի գրավոր համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում՝ միայն փոփոխված մասով, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետեւանքների:

Երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձեւով փոփոխելուն, առ ոչինչ է: Սույն պարբերության իմաստով երաշխավորի համաձայնությունը չի պահանջվում, եթե երաշխավորը երաշխավորությունն ստանձնում է հիմնական պարտավորության վերաբերյալ այն պայմանագրով, որով ապագայում ծագելիք պարտավորության բոլոր էական պայմանները սահմանված են?»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի    3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3.  Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա` անկախ երաշխավորության պայմանագիրը մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված լինելու հանգամանքից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.02.2021
Երեւան
ՀՕ-35-Ն