Armenian   Russian    
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաեւ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».

3) 7-րդ մասը «գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը)» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերով.

4) 8-րդ մասի՝

ա. «սույն օրենքի իմաստով» բառերը հանել,

բ. «2.000.000» թիվը փոխարինել «1.000.000» թվով.

5) 9-րդ մասից հանել «՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում: Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որեւէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:».

3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալու տեղեկություններ:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու եւ ստանալու պարզաբանումներ:».

5) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց: Հանձնաժողովը, ինչպես նաեւ անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները: Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում եւ կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված: Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել թեկնածուին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-52-Ն