Armenian      
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021
Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետեւյալ պարբերականությամբ.

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

2) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ.

3) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝ 2 տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված՝ 10-ից ավելի տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝ տարին մեկ անգամ.

5) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:».

2) 3-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ տեխնիկական զննությամբ ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը.»:

Հոդված 4. Օրենքի 18.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, եւ թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը» բառերը.

2) 2-րդ մասի «տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու» բառերը փոխարինել «տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-58-Ն