Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 12-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 158.2-րդ հոդվածով.

«Հոդված 158.2. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելը

1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 162.3-րդ հոդվածով.

«Հոդված 162.3. Վաճառքի եւ վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելը

1. Վաճառքի եւ վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի եւ վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «162-րդ» բառից առաջ լրացնել «158.2-րդ,» բառով, իսկ «162-րդ,» բառից հետո՝ «162.3-րդ,» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-64-Ն