Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետի «հնգապատիկի» բառը փոխարինել  «երեսնապատիկի» բառով,

բ. 5-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,

գ. 6-րդ կետը  «տուրքի» բառից հետո լրացնել «տասնապատիկի» բառով,

դ. 8-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով,

ե. 2-րդ, 7-րդ, 9-11-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«12.
 
Հայաստանի Հանրապետությունում ամուսնության
բացակայության մասին տեղեկանք տալու համար
բազային տուրքի տասնապատիկի չափով».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 34-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել  «յոթնապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենքի  25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա՝ նոր պետական վկայականներ ստանալու դեպքում.»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե», «զ», «է» եւ «ը» կետերով.

«ե) կենսաթոշակառուները.

զ) առաջին  եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք  եւ հաշմանդամություն ունեցող երեխաները.

է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք.

ը) ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը եւ ծնողը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2-րդ մասով.

«Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից  երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-68-Ն