ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք)`
1) ամբողջ տեքստից հանել «օգտակար մոդելներ,» բառերը.
2) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ գլխի ամբողջ տեքստում ««Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել ««Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին.».
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր եւ ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1148-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձեւակերպմանն օժանդակություն եւ այլն) չի հանգեցնում համահեղինակության:»:
Հոդված 5. Օրենսգրքի 1149-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 1150-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1150. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը
1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները եւ վճարման կարգը որոշվում են հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 1151-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի տված գյուտի արտոնագիրը, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը եւ արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 1153-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-111-Ն