Armenian      
Բանկային ավանդների ներգրավման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021

Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-124-Ն  օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Տուգանքը՝ որպես բանկի պատասխանատվություն

1. Բանկի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝

1) մեկ անգամ խախտելու համար՝ երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

2) երկու անգամ խախտելու համար՝ հինգ հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար՝ մեկ միլիոնից մինչեւ երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով, այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

3. Սույն օրենքի  իմաստով՝ սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

4. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով: Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակն սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբն սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.04.2021
Երեւան
ՀՕ-139-Ն