Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) տեքստում «նավթային գազեր» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազեր» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1- ին եւ 17.2-րդ մասերով.

«17.1. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք):

17.2. Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա եւ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրը, բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվող 17.2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.04.2021
Երեւան
ՀՕ-142-Ն