ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 68-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ առկայության դեպքում համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, չափերը, ծածկագիրը, մեկնարկային գինը, նախավճարը, քայլի չափը, օգտագործման նպատակը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաեւ որակական հատկանիշները), ինչպես նաեւ տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:».
2) 5-րդ մասի առաջին նախադասության «5» թիվը փոխարինել «50» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 70-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքով ձեւավորված գինը: Եթե
նշված ժամկետում գինը չի վճարվում, կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, այնպես էլ առուվաճառքի պայմանագիր կնքելուց, ապա համարվում է, որ հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց:
2. Հաղթողի կողմից գումարն ամբողջությամբ վճարվելուց հետո` երկու օրվա ընթացքում, կողմերի միջեւ կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով եւ ենթակա է պետական գրանցման:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.04.2021
Երեւան
ՀՕ-173-Ն