ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքական չեզոքություն» բառերից հետո լրացնել «, քաղաքական զսպվածություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք չունի կրելու կուսակցական պատկանելությունը խորհրդանշող նշաններ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27.1. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը
1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսեւորել քաղաքական զսպվածություն:
2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը:
3. Հանրային ծառայողներն իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով մասնակցելու նախընտրական քարոզչությանը՝ պահպանելով քաղաքական զսպվածությունը:
4. Հանրային ծառայողները քաղաքական կամ հանրային քննարկումներին, միջոցառումներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելիս իրավունք չունեն հանդես գալու ի պաշտոնե կամ նշելու իրենց պաշտոնեական դիրքի, կոչման մասին կամ որեւէ կերպ օգտագործելու պաշտոնի հեղինակությունը որեւէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կիրառվում ընտրություններին որպես թեկնածու հանդես եկող հանրային ծառայողների նկատմամբ:
6. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ծառայողի՝ որպես պաշտոնատար անձի մասնակցությունը քաղաքական բնույթի քննարկումներին պետք է կրի բացառապես տեղեկատվական բնույթ եւ արտահայտի պաշտոնական դիրքորոշումը:?:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ոչ ծառայողական» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ նախընտրական քարոզչության» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.05.2021
Երեւան
ՀՕ-206-Ն