Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 157.2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաեւ դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի եւ ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաեւ դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի եւ ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը՝

առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 157.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 157.3. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը

1. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանած ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2021
Երեւան
ՀՕ-234-Ն