Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.06.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար, կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքն իրականացվում է կառավարության համաձայնությամբ, որը տրամադրվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ.».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված, ինչպես նաեւ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման եւ սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի համար ոչ պակաս, քան տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2021
Երեւան
ՀՕ-272-Ն