Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.06.2021

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.26-189.28-րդ հոդվածներով.

«Հոդված 189.26. Ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի պահանջը խախտելը

1. Ազգային ֆիլմերի մասնաբաժինն ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ առնվազն 15 տոկոս կազմելու պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 189.27. Ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջը խախտելը

1. Ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 189.28. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը

1. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «189.25» թվից հետո լրացնել «, 189.26-189.28» թվերով:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2021
Երեւան
ՀՕ-303-Ն