ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, ապա հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-16-րդ մասերով.
«9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված վճարման պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:
Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանում է կառավարության լիազոր մարմինը:
10. Հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասում նշված տնտեսությունների կամ շինությունների կառուցման համար փոփոխելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ 10 տարվա ընթացքում ՝
1) հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասով չնախատեսված այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման եւ սպասարկման համար փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ հողամասի նպատակային նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների կամ շինությունների կառուցման համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը.
2) հողամասում գտնվող շինությունները սույն հոդվածի 9-րդ մասում նշված տնտեսությունների կարիքների կամ վարման հետ չկապված օգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, եթե դրա hետեւանքով չի փոխվում հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքի եւ մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների կամ շինությունների կառուցման համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջն առաջանում է, եթե հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:
12. Սույն հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերով սահմանված պահանջը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ հողամասի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը:
13. Սույն հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե չի ներկայացվում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագիրը:
14. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթները վերաբերում են նաեւ կառավարության սահմանած կարգով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքերին:
15. Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների, ոռոգման նպատակով մինչեւ 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը, բացառությամբ հատուկ պահպանվող տարածքների, փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:
16. Սեփականության կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքների պետական գրանցում ստացած հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոխված նպատակային կամ գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի՝
ա. «տվյալ» բառը փոխարինել «՝ վճարման» բառով,
բ. «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը հանել,
գ. «պետությանը կամ համայնքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության համայնքներին» բառերով.
2) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար (այդ թվում՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ հողամասի կադաստրային արժեքը:
Սույն մասով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենսգրքի իմաստով՝ հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեք է համարվում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաշվարկված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
Գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքները հաստատում է կառավարությունը:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի չափերը սահմանում է Կառավարությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
05.08.2021
Երեւան
ՀՕ-313-Ն