Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2021
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

6. Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Կառավարություն է ներկայացնում առաջարկություն Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորում: Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերի տարբերակված բարձրացման առաջարկության դեպքում հիմնավորմամբ ներկայացվում են տարբերակման օբյեկտիվ հիմքը եւ իրավաչափ նպատակը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.10.2021
Երեւան
ՀՕ-337-Ն