Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2021

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 26-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «զ» կետերով.

«ե) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կայացման եւ համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով որոշման կատարման ապահովման նկատմամբ.

զ) կայացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին վարչական ակտ, եթե համայնքի ղեկավարը տեսչական մարմնի կայացրած՝ խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտում նշված ժամկետում չի կայացրել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կամ իր լիազորությունների շրջանակներում չի ապահովել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը? Սույն կետով սահմանված դեպքում ինքնակամ կառույցն իրականացրած անձի անհայտ լինելու դեպքում որպես վարչական ակտի հասցեատեր հանդես է գալիս համապատասխան համայնքը:».

2) չորրորդ պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը սույն պարբերությամբ նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ  ներկայացվում է հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով նախատեսված՝ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման կանոններով, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են սույն պարբերությամբ սահմանված վարչական ակտը կատարման ներկայացնելու նկատմամբ: Սույն պարբերությամբ սահմանված վարչական ակտը կատարման է ներկայացվում ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում՝ նշելով նաեւ քանդման (ապամոնտաժման) ենթակա ինքնակամ կառույցի գտնվելու վայրի հասցեն եւ վարչական ակտն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը:».

3) չորրորդ պարբերության «բ» կետը «բնագավառում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» եւ «զ» կետերով նախատեսված դեպքերի» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.

«Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմինները պարտավոր են այդ մասին Կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին եւ տեսչական մարմնին:»?

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.12.2021
Երեւան
ՀՕ-400-Ն