Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2022

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում «վարչական պալատում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն պալատներում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը

1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:

2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում` Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «եւ վարչական պալատի» բառերը փոխարինել «պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով.

2) 7-րդ մասի «իսկ Վճռաբեկ դատարանում` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը դատարանների միջեւ ընդդատության, ինչպես նաեւ դատարանի եւ սնանկության դատարանների միջեւ ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի նշանակման պահից, դատարանի եւ վարչական դատարանի միջեւ ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահների նշանակման պահից, իսկ դատարանի եւ հակակոռուպցիոն դատարանի միջեւ ենթակայության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահների նշանակման պահից:

3. Մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

4. Մինչեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելը վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը: Մինչեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը դեռեւս չի գործում, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելուց հետո` քաղաքացիական պալատը:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ



         

15.02.2022
Երեւան
ՀՕ-26-Ն