Armenian      
Նախադպրոցական կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.05.2022

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նախադպրոցական  կրթության  պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է  նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը.».

2) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական ծառայություններ՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին եւ հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով.»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «եւ ավարտվում է օգոստոսի 31-ին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  21-25-րդ կետերով.

«21) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.

22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի եւ ծառայությունների տեւողությունը.

23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության եւ զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը.

24) կարող է սահմանել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:»:

Հոդված 5. Սույն օրենքի 4-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

19.05.2022
Երեւան
ՀՕ-126-Ն