ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «զ1» եւ «զ2» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ1) շահումը փոխանցում (վճարում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով.
զ2) չի կարող շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Ինչպես նաեւ արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը եւ շահումների տրամադրումը կանխիկ գումարով.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.06.2022
Երեւան
ՀՕ-138-Ն