Armenian   Russian    
Ընդերքի մասին օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ եւ 56-րդ կետերով.

«55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը եւ տարածքային դիրքը գնահատված են ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա.

56) քաղաքացիական անհնազանդություն՝ հասարակության կողմից հավաքների կազմակերպման միջոցով իրականացվող բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են իշխանության կամ կառավարության  վարած քաղաքականության կամ ծրագրի դեմ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների եւ կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ,

1) ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները.

ա. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչեւ 30 օր,

բ. մետաղական հանքավայրերի համար՝ մինչեւ 120 օր.

2) եւ նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը եւ եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը.»:

Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ հողամասի հատկացում» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների սահմանումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27) օգտակար  հանածոների  հանքավայրերի  կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների սահմանումը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն եւ 29-րդ հոդվածներով  նախատեսված դեպքերի, արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման) դեպքերում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դիմումը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.

3)   բաժանման, առանձնացման եւ վերակազմավորման դեպքերում՝ վերակազմակերպվող ընկերությունների ընդհանուր ժողովի կամ ժողովի՝ առանձնացման, բաժանման մասին որոշումը, որի մեջ պետք է նշված լինի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը եւ դրան համապատասխան՝ իրավահաջորդ ընկերությունների իրավունքների ու պարտականությունների բաշխումը: Լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո՝                   20-օրյա ժամկետում, ներկայացվում են նաեւ ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ ձեռք բերող իրավաբանական անձ) պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը,  սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը չներկայացնելը լիազոր մարմնի տված համաձայնությունը չեղարկելու հիմք է.

4) միաձուլման, միացման դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, բաժանիչ հաշվեկշիռը.

5) սույն մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի՝

ա. հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագիրը կազմելու վերաբերյալ,

բ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները,

գ. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,

դ. ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը,

ե.  ֆինանսական առաջարկները եւ երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ,

զ. ընդերքօգտագործման  թափոնների  կառավարման  պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը,  իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.

6) հաշվետվություն՝ ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` բնապահպանական միջոցառումների մասին.

7) հաշվետվություն՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:»:

Հոդված 8. Օրենսգրքի  23-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական եւ լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում  «գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «պաշարների» բառից հետո լրացնել «գնահատման կամ» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը «օբյեկտ է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ եթե տվյալ օբյեկտի ընդերքօգտագործման իրավունքի կրողը դիմումատուն է, եւ տվյալ հանքավայրի պաշարներն արդեն հաստատվել են իր իրականացրած ուսումնասիրության արդյունքում» բառերով:

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

«Հոդված 55.1.  Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով

1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնը այդ հանգամանքների եւ ընդերքօգտագործողի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետեւանքների վերացման գործողության ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների ծագման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված  դիմումը քննարկման ենթակա չէ:

4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են՝

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով նախագիծը.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող՝ փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված:

6. Դիմումը մուտքագրվելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում:

7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական եւ լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

8.  Սույն  հոդվածի  6-րդ  մասով  սահմանված  կարգով  դիմումը բավարարելու դեպքում միաժամանակ փոփոխվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերով սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ժամկետով:

9. Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետից հանել «եռամսյակային եւ» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում «նախնական գնահատված եւ կանխատեսումային պաշարները» բառերը փոխարինել «նախնական գնահատված պաշարները եւ կանխատեսումային ռեսուրսները» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլ անհաղթահարելի ուժի» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:

Հոդված 19.

1. Սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգին առնչվող իրավակարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցման համար ներկայացված դիմումների վրա:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները  տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում: Սույն մասում նշված դեպքերում ընդերքօգտագործողները Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները  լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի արդյունքում առաջացած հետեւանքների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար նախատեսված դիմումը եւ դրան կից  նյութերը ներկայացվում են Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում՝

1) Կառավարությունը հաստատում է  օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերը եւ լրացման ուղեցույցները.

2) ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է՝

ա. օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները,

բ. օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.06.2022
Երեւան
ՀՕ-143-Ն