Armenian      
Զանգվածային լրատվության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը «համապատասխան:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.06.2022
Երեւան
ՀՕ-146-Ն