ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ութերորդ պարբերությունով.
«Սույն օրենքը սահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի կայացրած որոշման կատարման պայմանները եւ կարգը՝ այնքանով, որքանով սույն օրենքի նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ որոշումների կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) քրեական գործերով դատարանի դատավճիռները եւ որոշումները՝ գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաեւ գույքի բռնագրավման եւ գույքային բռնագանձումների (այդ թվում՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում) մասով.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը,» բառերից հետո լրացնել «գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում՝
1) «համայնքը» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) «օտարերկրյա պետությունը» բառերից հետո լրացնել «կամ միջազգային կազմակերպությունը,» բառերով.
3) «եւ վարչական գործերով դատական» բառերը փոխարինել «, վարչական եւ քրեական գործերով դատական (վարութային)» բառերով, իսկ «եթե դատական ակտի համաձայն՝» բառերից հետո «դատական» բառը՝ «դատական (վարութային)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջազգային կազմակերպությունը կատարողական վարույթին մասնակցում է իր մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են միջազգային իրավունքի նորմերով սահմանված կամ միջազգային կազմակերպության կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, կամ ներկայացուցիչների միջոցով: Միջազգային կազմակերպության անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը «Իրավաբանական անձի» բառերից հետո լրացնել « կամ միջազգային կազմակերպության» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի « եւ վարչական գործերով դատական» բառերը փոխարինել «, վարչական եւ քրեական գործերով դատական (վարութային)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին եւ 11?2-րդ մասերով.
«11.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական վարույթով տուգանքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ պրոբացիայի պետական ծառայությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
11.2. Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ կատարողական թերթը, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ դատախազությունը, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:».
3) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածը տարածվում է նաեւ քրեական վարույթի շրջանակներում կայացված դատական ակտերի վրա:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.4-րդ հոդվածով.
«Հոդված 31.4. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը
1. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է որոշման համար սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից մեկամսյա ժամկետի ընթացքում: Դիմումը սույն մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը կայացնում է այն դատախազին վերադարձնելու մասին որոշում՝ դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
2. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը հարկադիր կատարողը վերադարձնում է դատախազին, եթե դրան կցված չեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճենը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը, այդ որոշումը մեղադրյալին եւ գրավը մուծած անձին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկելը հաստատող ապացույցը, ինչպես նաեւ այդ որոշման՝ օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկված լինելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու մասին գրավոր հավաստումը:
3. Դիմումը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
4. Դիմումը դատախազին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն նորից կատարման ներկայացնելու համար:»:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) պարտապանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը:»:
Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կամ կատարողական մակագրության թերթը վերադարձնելու» բառերը փոխարինել «, կատարողական մակագրության թերթը կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու» բառերով:
Հոդված 12. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության» բառերից հետո «կամ կատարողական» բառերը փոխարինել «, կատարողական» բառերով, իսկ նույն կետը «կատարողական թերթի պահանջների» բառերից հետո լրացնել «կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը փաստացի կատարվել է, կամ այն վերացվել է:»:
Հոդված 13. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) քրեական գործերով հարկադիր կատարման ենթակա դատական ակտը կատարելու դեպքում.»:
Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը եւ համապատասխան ֆինանսական մարմինը:» նախադասությունը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքի վրա:»:
Հոդված 15. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հարկադիր կատարողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրա դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք տալու, ինչպես նաեւ նշված անձանց մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու գործողությունները՝ կապված օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես հարկադիր կատարող կամ նրա մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ, առաջացնում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:
Հոդված 16. Օրենքի 73.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-237-Ն