Armenian      
Պրոբացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2022

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պրոբացիայի շահառու՝ անձ, որի նկատմամբ կիրառվել է պրոբացիա.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, 12-րդ հոդվածի 6-րդ մասում, 28-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «պահանջմունքների» բառը փոխարինել «կարիքների» բառով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «, դատվածությունը հանելու» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ եւ 5-րդ մասերի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

2) 4-րդ մասը «արձանագրություն» բառից հետո լրացնել «եւ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում վարույթն իրականացնող մարմին» բառերով.

3) 12-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 15.1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը

1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:

2. Քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:»:

Հոդված 7. Օրենքի 16-20-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Անվտանգության միջոցների կիրառման ապահովումը

1. Անվտանգության միջոցի կիրառումը սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովում է պրոբացիայի շահառուի հաշվառման, մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գտնվելու վայրի կամ բնակության վայրին մոտ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը կամ մշտական բնակության վայր չունեցող, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի ստորաբաժանումը կամ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացում եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:

Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգը

1. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:

Հոդված 18. Պատասխանատվությունը որոշակի վայրեր այցելելու արգելքը չկատարելու համար

1. Դատարանի սահմանած՝ որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափելու համար պրոբացիայի շահառուն ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված կարգով:

Հոդված 19. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը

1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:

2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում երկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ այն ներկայացնում համապատասխան դատարան, ինչպես նաեւ տեղեկացնում պրոբացիայի շահառուի բնակության վայրի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությանը: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող՝ հոգեբանի կամ հոգեբույժի մասնագիտական կարծիքը:

3. Վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին կանչելու Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ նրա վարքագծի վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ: Հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու համար

1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու համար պրոբացիայի շահառուն ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագրի «ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ,» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի «, դատվածությունը հանելու» բառերը հանել.

2) 1-ին մասի «, դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույց տրամադրում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող կամ պատժի կրման վայրի տարածքային մարմինը» բառերը հանել.

3) 2-րդ մասի «դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է դատարանի պահանջի հիման վրա, իսկ» բառերը հանել, իսկ նույն մասի «՝» կետադրական նշանը փոխարինել «ներկայացնում է» բառերով.

4) 3-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

5) 8-րդ մասի «, դատվածությունը հանելու» բառերը հանել:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ:

3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները եւ պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը, իրականացվում է ռիսկերի եւ կարիքների գնահատում, եւ դրա հիման վրա կազմվում է վերահսկողության պլան, լրացվում է հաշվառման քարտ:

4. Պրոբացիայի շահառուի՝ ծանուցմամբ նշված օրը Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում չներկայանալու դեպքում Պրոբացիայի ծառայողը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն:

5. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պրոբացիայի շահառուին հայտնաբերելու դեպքում նրանից վերցնում է ստորագրված պարտավորագիր՝ եռօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, որի մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը՝ կցելով կազմված արձանագրության պատճենը եւ պարտավորագիրը: Պրոբացիայի շահառուի կողմից անհարգելի պատճառով Պրոբացիայի ծառայություն չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Եթե հնարավոր չէ կապ հաստատել պրոբացիայի շահառուի հետ, կամ նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 15 օրվա ընթացքում, կամ նրա կողմից դատարանի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքի հայտնաբերումից հետո՝ 15 օրվա ընթացքում, չի բացահայտվում պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, ապա տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

8. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ կարիքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:

9. Պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայողը դատական ակտը կայացրած դատարանին տեղեկացնում է դատական ակտը կատարման վերցնելու մասին եւ տեղեկացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

10. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն:

11. Պրոբացիայի անչափահաս շահառուին հաշվառման վերցնելուց հետո պրոբացիայի ծառայողը պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ այցելություն է կատարում նրա բնակության, ուսման վայրը, զրուցում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հետ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: Ձեռք բերված տեղեկությունների եւ պրոբացիայի անչափահաս շահառուի հետ ունեցած զրույցների հիման վրա պրոբացիայի ծառայողը լրացնում է պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ անձնական թերթ:

12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է նրա ռիսկերը եւ կարիքները, որի հիման վրա ընդունում է որոշում մեկ ամսվա ընթացքում պրոբացիայի շահառուի կողմից Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու հաճախականությունը սահմանելու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի եւ կարիքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված փոփոխությունների դեպքում:

13. Փորձաշրջանի ընթացքում վերահսկողության պլանի հիման վրա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողը պրոբացիայի շահառուի հետ անցկացնում է զրույց շահառուի վարքի, ընտանիքի հետ հարաբերությունների, զբաղվածության եւ գործունեության վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն:

14. Հաշվի առնելով փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի շահառուի վարքագիծը եւ ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքները՝ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը որոշում է ընդունում պրոբացիայի շահառուի հաճախումների թիվը վերանայելու մասին, ինչպես նաեւ հաճախումների ժամանակ նրա հետ առանձնազրույց ունենալու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:

15. Պրոբացիայի շահառուի վրա դատարանի կողմից պարտականություններ դրված լինելու դեպքում պարզաբանումներ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին, բայց ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:

16. Պրոբացիայի այն շահառուներին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու եւ այլ պարտականություն, Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը:

17. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված՝ ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել Պրոբացիայի ծառայությանը:

18. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

19. Անհրաժեշտության դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:

20. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների խախտման դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:

21. Զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելիս ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ պրոբացիայի շահառուն այլընտրանքային ծառայություն է անցնում:

22. Պրոբացիայի շահառուն զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում պրոբացիայի շահառուի անձնական գործը՝ հետագա վերահսկողությունը շարունակելու նպատակով: Եթե դատապարտյալն ազատվում է զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, իսկ փորձաշրջանի ժամկետը դեռ չի ավարտվում, ապա անձնական գործը երեք օրվա ընթացքում ուղարկվում է Պրոբացիայի ծառայություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

23. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայությանը հայտնել այդ մասին:

24. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք եւ այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ իրավասու այլ մարմիններին:

25. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո, եթե Պրոբացիայի ծառայությունը մինչեւ վերահսկողության ժամկետի ավարտը միջնորդություն է ներկայացրել դատարան պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող պարտականությունները չկատարելու համար, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչեւ տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը:

26. Եթե պրոբացիայի շահառուն փորձաշրջանի կամ վերահսկողության ընթացքում կատարել է նոր հանցանք, սակայն մինչեւ վերահսկողության ժամկետի ավարտն առկա չէ դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն ավարտվում է, սակայն անձնական գործը չի արխիվացվում, իսկ պրոբացիայի շահառուին փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք չի տրամադրվում մինչեւ տվյալ հարցի վերաբերյալ դատական ակտն ստանալը:»:

Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Հղի կանանց, մինչեւ վեց տարեկան երեխա ունեցող, արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժից ազատված կամ հիվանդության հետեւանքով կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները

1. Հղի կանանց կամ մինչեւ վեց տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին՝ երեխայի դաստիարակության եւ խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

2. Հիվանդության հետեւանքով պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի սպասարկող՝ առողջության առաջնային պահպանման հաստատությանը կամ մասնագիտացված բժշկական միջամտության դեպքում՝ համապատասխան մասնագիտացված բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությանը՝ բժշկական օգնություն եւ սպասարկում ապահովելու նպատակով: Բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունը պրոբացիայի շահառուի առողջական վիճակի փոփոխությունների մասին պարբերաբար, իսկ պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում տեղեկացնում է պրոբացիայի ծառայողին:

3. Պատժի կատարումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման կամ բարելավման մասին բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունից տեղեկությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը կազմում է համապատասխան արձանագրություն եւ հինգ օրվա ընթացքում պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

4. Պրոբացիայի ծառայողն աշխատանք ունեցող պրոբացիայի շահառուներից կարող է պահանջել տեղեկանք աշխատանքի վայրից:

5. Եթե հղի կամ մինչեւ վեց տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից եւ խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը համապատասխան խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին:

6. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխային խնամելուց եւ դաստիարակելուց կամ ընդհատում է հղիությունն առանց դրա ընդհատման համար օրենքով սահմանված բժշկական ցուցումների կամ հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնում է մանկատուն, ապա Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից եւ խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի եւ բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:

7. Երեխայի մահվան դեպքում Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերացնելու հարցը լուծելու նպատակով: Միջնորդությանը կցվում են երեխայի մահվան փաստը հավաստող փաստաթուղթը, շահառուի աշխատանքի եւ բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:

8. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է դատական ակտով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչեւ դատապարտվելը պրոբացիայի շահառուն կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն եւ հղիության, մինչեւ վեց տարեկան երեխա ունենալու, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժից ազատելու կամ պատժի կատարումը հետաձգելու մասին դատական ակտը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:»:

Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «, դատվածությունը հանելու» բառերը հանել:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

28.06.2022
Երեւան
ՀՕ-247-Ն