Armenian      
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1.   «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է եւ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ իրեն վերապահված  գործառույթների շրջանակում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-19-րդ կետերով.

«16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն.

17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով փաստաթուղթ, որը հիմք է կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար.

18) փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը.

19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջներ, ինչպես նաեւ այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «զ» եւ «է» ենթակետերով.

«զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք եւ սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը,

է.  աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1)  հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը եւ պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով եւ հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման նվազագույն պահանջները.»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասի 4-րդ կետը «զարգացմանը» բառից հետո լրացնել «եւ այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված՝ անկախ կյանքի կենտրոնների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.06.2022
Երեւան
ՀՕ-262-Ն