Armenian   Russian    
Անկանխիկ գործառնությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(պայմանագիրը)» բառից հետո լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի) մաս կազմող գործարքների (պայմանագրերի) դեպքում, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաեւ օդային տրանսպորտով կատարվող ուղեւորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաեւ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.06.2022
Երեւան
ՀՕ-269-Ն