Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.07.2022

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային եւ ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «նրանց իջեցումը:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ՝ նստեցնել, իջեցնել, տեղեկատվություն տրամադրել)՝ օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը «զամբյուղներով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից եւ ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաեւ աջակցող միջոցներ:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված եւ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.07.2022
Երեւան
ՀՕ-297-Ն