ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 61-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը «(կեղծելը)» բառից հետո լրացնել «, վնասելը» բառով եւ նույն պարբերությունից հանել «դիտավորյալ» բառը:
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի առաջին պարբերությունը «Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային» բառերը փոխարինել «Ջրային» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 63.2. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը
1. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
2. Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
3. Ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով, կամ ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել:
5. Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի, ջրահեռացման եւ էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.07.2022
Երեւան
ՀՕ-322-Ն