ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված. 9.1. Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում գործառույթների իրականացումը պետական սահմանի անցման կետերում
1. Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում սույն օրենքով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության ծառայության մարմինները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնելիս ազգային անվտանգության մարմիններն առաջնորդվում են սույն օրենքով, «Օտարերկրացիների մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-329-Ն