Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդունվել է 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ միաժամանակ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի` մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես հրետակոծվել են Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկում են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր Հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների կատարում` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

13.09.2022
Երեւան
Հ-1