Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 14.09.2022

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը  (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 110.3-րդ հոդվածով.

«Հոդված 110.3. Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ տնկանյութի ձեւերի  օգտագործման, բազմացման, ներմուծման եւ հավաստագրման պահանջների խախտումը

1. Օգտագործման  թույլտվություն  ունեցող  սորտերի  ցանկում չգրանցված սորտերի եւ տնկանյութի ձեւերի`  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, տարածքում օգտագործումը եւ բազմացումը առաջին անգամ արձանագրելիս`

առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո` 18 ամսվա ընթացքում, խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու  կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում`
տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից յոթնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

2. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի խմբաքանակի ներմուծումն առանց սորտի պատկանելության եւ որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերի`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչեւ երեսունհինգապատիկի չափով:

3. Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը եւ ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված եւ սովորական տնկանյութերը չհավաստագրելու դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչեւ երեսունհինգապատիկի չափով:

4. Սերմերի  եւ տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային եւ հիբրիդային, ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի եւ տնկանյութի հավաստագրին խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչեւ վաթսունհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկից մինչեւ յոթանասունհինգապատիկի չափով:»:

Հոդված 2.  Օրենսգրքի 238.1-ին հոդվածում «Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմիններ» բառերը  համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին» բառերով, «եւ 110» բառերը` «, 110 եւ 110.3» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները եւ տարածքային պետական տեսուչները» բառերը` «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները եւ տարածքային մարմնի ղեկավարները» բառերով.

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.10.2022
Երեւան
ՀՕ-346-Ն