Armenian   Russian    
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.10.2022

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով.

«5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, որպես օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբում) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 1-ը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին եւ միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որեւէ մարզաձեւի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբում) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը գործում է մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.10.2022
Երեւան
ՀՕ-363-Ն