Armenian      
Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2022
Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե»-«իգ» կետերով.

«ժե) հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման եւ անցկացման կարգը.

ժզ) հաստատում է միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը.

ժէ) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.

ժը) հաստատում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման եւ վնասազերծման կարգը.

ժթ) հաստատում է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը.

ի) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները.

իա) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները.

իբ) հաստատում է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները, հրապարակի անվտանգության պահանջները, հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը.

իգ) հաստատում է ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները:»:

Հոդված 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2022
Երեւան
ՀՕ-407-Ն