Armenian      
Ավիացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2022

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղեւորների պահպանության եւ խնամքի համար, որոնց մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժել է  սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ փաստաթղթերը ոչ պատշաճ ձեւակերպված լինելու պատճառով: Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղեւորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ եւ նրան փոխադրել մինչեւ մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի եւ սննդի հետ կապված կարիքները:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2022
Երեւան
ՀՕ-400-Ն