ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներհամայնքային երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ վերադարձնում է երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Միջմարզային եւ ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ երթուղային ցանցն սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ համապատասխան մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը, որն ընտրվում է մրցութային եղանակով: Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է, որը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված՝ համայնքին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերով ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություն է:».
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի տարիք եւ համապատասխանեն անվտանգության, աշխատանքի եւ շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին եւ արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-15-րդ մասերով.
«9. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի կամ գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումն ընդունում է տվյալ համայնքի ղեկավարը, որը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում:
10. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքերի, երբ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով:
11. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ սույն օրենքի 10-րդ հոդվածի
2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ:
13. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝
1) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 5-10 տարի ժամկետով, որի ձեւը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները.
2) կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար փոխադրավարձը սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 12-րդ մասի պահանջներին համապատասխան:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների փոխադրավարձը գանձում է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով, եւ ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե, իսկ մրցութային եղանակով ընտրված օպերատորի դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը գանձում է օպերատորը:
15. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.12.2022
Երեւան
ՀՕ-452-Ն