ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».
2) 7-րդ մասը «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.12.2022
Երեւան
ՀՕ-505-Ն